Պրահայում ՀՀ անկախության 25-ամյակի միջոցառմանը մասնակցել են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ

20:22, 27 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրահայի «Ժոֆին» պալատում Չեխիայում ՀՀ դեսպանության կողմից սեպտեմբերի 26-ին կազմակերպվել էր ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «

Միջոցառմանը մասնակցեցին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոշեկը, կառավարության անդամներ և նահանգապետեր, Չեխիայի հոգևոր առաջնորդ Դոմինիկ կարդինալ Դուկան, Չեխիայի ուղղափառ առաջնորդ արքեպիսկոպոս Միխալը, խորհրդարանականներ, երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Չեխիայի նախագահի աշխատակազմի, արտաքին գործերի նախարարության և այլ գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, մշակույթի և արվեստի գործիչներ, երկրի գործարար սեկտորի, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Իր շնորհավորական ուղերձում Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանն անդրադարձավ Հայաստանի անկախության 25 տարիների ընթացքում արձանագրված ձեռքբերումներին և հաղթահարած մարտահրավերներին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին և դրա հանգուցալուծման հեռանկարներին՝ նշելով, որ հեռու չէ այն օրը, երբ Արցախի Հանրապետությունը պաշտոնապես իր տեղը կգտնի անկախ պետությունների ընտանիքում։ ՀՀ դեսպանը խոսեց նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների և հայ-չեխական բարձր մակարդակի փոխգործակցության մասին, կարևորեց Չեխիայի հայ համայնքի դերակատարությունը երկկողմ կապերի զարգացման գործում: 

Խորհրդարանի ստորին պալատի փոխխոսնակ Յան Բարտոշեկը իր հերթին բարձր գնահատեց անկախ Հայաստանի հետ Չեխիայի հարաբերությունները` նշելով, որ, ինչպես և չեխերը, հայ ժողովուրդը երկար տասնամյակներից հետո վերականգնեց իր անկախությունը և քաջ գիտակցում է ազատության գինը։ Քրիստոնյա-դեմոկրատ խորհրդարանականը խաղաղություն և բարեկեցություն մաղթեց հայ ժողովրդին` ընդգծելով, որ ջերմությամբ է հիշում այս տարվա ապրիլին Երևան կատարած իր այցը:

Ընդունելությանն Առնո Բաբաջանյանի, Սվենդսենի և Դվորժակի ստեղծագործությունների կատարմամբ հանդես եկան բեյրութահայ դաշնակահար Վարդան Հակոբյանը և չեխ ջութակահար Լուցիե Բուբլիկովան»:


© 2009 ARMENPRESS.am