Գրող, հրապարակախոս Սևան Նիշանյանը պարգեւատրվել է «Վիլյամ Սարոյան» մեդալով

13:48, 27 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ստամբուլում հայ քաղբանտարկյալ, գրող, հրապարակախոս Սևան Նիշանյանին ՀՀ սփյուռքի նախարարության կողմից «Վիլյամ Սարոյան» մեդալ է հանձնվել՝ նրա փաստաբանի միջոցով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` ՀՀ ԱԺ պատգամավոր, «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանը, ով անձամբ է մեդալը փոխանցել Սեւան Նշանյանի փաստաբանին, լրագրողներին ասաց, որ հայկական կողմը նման քայլի է դիմել՝  թուրքական իշխանություններին ցույց տալու, որ հայ մտավորականը մենակ չէ: «Այնտեղ միջոցառում էինք կազմակերպել` ի աջակցություն Նիշանյանի, որի ընթացքում էլ տեսակապով մեզ իր գոհունակությունը հայտնեց Սեւան Նիշանյանի՝ Կանադայում բնակվող մայրը»,- ասաց Ախոյանը:

Խոսելով Սեւան Նիշանյանի հնարավոր ազատ արձակման մասին, ԱԺ պատգամավորն ասաց, որ նրա վիճակն այնքան էլ հուսադրող չէ: «Մենք պետք է ամեն ինչ անենք վերջինիս խափանման միջոցը փոխելու համար: Սեւան Նիշանյանին ձերբակալել են ոչ թե ապօրինի գործողությունների, այլեւ հայ լինելու համար»,- հավելեց բանախոսը:

Գրող, հրապարակախոս Սևան Նիշանյանը ձերբակալվել է Իզմիրի Սիրինջե գյուղի իր սեփական այգում ապօրինի տուն կառուցելու համար: Թուրքական իշխանությունները ցանկանում են դատապարտել նրան 17 տարով:


© 2009 ARMENPRESS.am