«Պրեզիդենտի կատուն» վեպը հասանելի է հայերեն թարգմանությամբ

18:08, 26 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացի գրող Գուրամ Օդիշարիայի «Պրեզիդենտի կատուն» վեպի շնորհանդեսը տեղի ունեցավ Երևանում` սեպտեմբերի 26-ին: Գիրքը լույս  է  տեսել «Անտարես» հրատարակչության կողմից: «Վեպում ներկայացված են մանր չինովնիկների արկածները` խարդավանքները, խրախճանքները և թե ինչպե՞ս է այդ ամենն ազդում պետական քաղաքականության վրա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը:

«Պրեզիդենտի կատուն» վեպը թարգմանվել է նաև անգլերեն, ռուսերեն, ուկրաիներեն, սլովակերեն, աբխազերեն, ադրբեջաներեն:

[gallery id= 57632]

«Գրքում ներկայացված է Սուխումիի կոլորիտը: Գրելիս հիշում էի քաղաքի հետ կապված բոլոր պատմությունները և ներառում դրանք վեպում: Նկարազարդումների հեղինակը ես եմ: Գրքում կան բազմաթիվ գրառումներ, որոնց  հայերեն տարբերակները ես եմ գրել երկու օրվա ընթացքում»,- ընդգծեց գրող Գուրամ Օդիշարիան:

Շնորհանդեսի ընթացքում ընթերցվեցին գրքի ամենահիշարժան հատվածները և մեջբերվեցին ամենահետաքրքիր տողերը:

Վրացի բանաստեղծ, արձակագիր Գուրամ Օդիշարիան ծնվել է 1951թ. Սուխումիում: Սուխումիի պետական համալսարանն ավարտելուց հետո որպես լրագրող աշխատել է  քաղաքային ռադիոյում և տարբեր թերթերում: 1987-1994թթ. եղել է գրական-հասարակական  «Ռիծա» հանդեսի գլխավոր խմբագիրը: 2012-2014թթ. Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանման նախարարն էր: Հեղինակ է 20-ից ավելի բանաստեղծական և արձակ գրքերի: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են 16 լեզուներով: Գրական տասը մրցանակի դափնեկիր է:


© 2009 ARMENPRESS.am