Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժից 190 հին բուդդայական պագոդաներ են վնասվել

10:06, 25 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյանմայի կենտրոնական մասում օգոստոսի 24-ին տեղի ունեցած 6,8 մագնիտուդով երկրաշարժն ավերել կամ լրջորեն վնասել է 190 հին բուդդայական պագոդաներ, որոնք ճարտարապետության հուշարձաններ են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է The Global New Light Of Myanmar կառավարական թերթը:

Նրա տվյալներով՝ առավել շատ պաշտամունքային շինություններ են վնասվել Բագան քաղաքում, որտեղ գտնվում են մի քանի հազար բուդդայական պագոդաներ ու տաճարներ, որոնք կառուցվել են 11-14-րդ դարերում: Վնաս է հասցվել նաեւ Ռաքայն արեւմտյան նահանգում գտնվող բուդդայական սրբավայրերին: «Բագանում վնասվել է 185 պագոդա, վնասի չափերի վերաբերյալ վերջնական տվյալները դեռեւս ճշտվում են»,- նշում է հրատարակությունը:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Չաու բնակավայրից մի քանի կիլոմետր արեւմուտք ընկած շրջանում՝ Բագան քաղաքից ոչ հեռու: Ստորգետնյա ցնցումների հետեւանքով զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ երկու երեխա:

Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժից ստորգետնյա ցնցումներն զգացվել են երկրի խոշորագույն քաղաքում՝ Յանգոնում, ինչպես նաեւ տարածաշրջանի ընդարձակ տարածքում, Բանգլադեշի մայրաքաղաքում եւ Հնդկաստանի մի շարք նահանգներում, մասնավորապես, Արեւմտյան Բենգալիայում եւ Ասամում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am