Հայաստանի և Ղրղզստանի արտգործնախարարները քննարկել են քաղաքական երկխոսության ակտիվացման հարցը

18:05, 4 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 4-ին հանդիպեց Երևան ժամանած Ղրղզստանի արտգործնախարար Էրլան Աբդիլդաևին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Նախարարները նշեցին, որ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում անցկացվող երկկողմ հանդիպումը լավ հնարավորություն է՝ անդրադառնալու նաև Հայաստանի և Ղրղզստանի համագործակցության տարբեր ոլորտներին:

Հայաստանի և Ղրղզստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները զրույց ունեցան քաղաքական երկխոսության ակտիվացման, միջխորհրդարանական կապերի զարգացման, առևտրատնտեսական փոխգործակցության խթանման հարցերի շուրջ։

Հայաստանի և Ղրղզստանի արտգործնախարարները պայմանավորվեցին իրենց ղեկավարած գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ։

Հանդիպման օրակարգում էին միջազգային կառույցների շրջանակներում, ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի և Ղրղզստանի փոխգործակցության հարցեր: Այս համատեքստում քննարկվեց սեպտեմբերին Բիշքեկում կայանալիք ԱՊՀ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները։

Էդվարդ Նալբանդյանը և Էրլան Աբդիլդաևը անդրադարձան ՀԱՊԿ օրակարգային հարցերին, կազմակերպությունում հայաստանյան նախագահության առաջնահերթությունների իրագործմանը։


© 2009 ARMENPRESS.am