ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովն առաջարկել է 24.1 մլն դոլարի աջակցություն ցուցաբերել Հայաստանին

11:19, 30 Հունիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 30, ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովը, հետեւելով սենատոր Մարկ Քրքի օրինակին, բարձրաձայնել է Լեռնային Ղարաբաղին տրամադրվող շարունակական աջակցության մասին: Այն իրենից ներկայացնում է ծրագիր, որի շրջանակում մարդասիրական օգնություն է տրամադրվել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին դեռեւս 1998 թվականից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացրել է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը:

Սենատը միեւնույն ժամանակ առաջարկում է աջակցություն ցուցաբերել Հայաստանում սիրիահայ փախստականներին:

«Մենք խիստ գնահատում ենք սենատոր Քրքի ջանքերն` ուղղված Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաեւ փախստականների աջակցությանը եւ սպասում Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի ղեկավարների հետ աշխատանքին` Ղարաբաղի տրամադրվող գումարի չափը ավելացնելու եւ ապահովելու վերականգնողական ծրագրերի իրականացումը: Նաեւ ողջունում ենք Սենատի դիրքորոշումը Հայաստանում փախստականներին աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտության վերաբերյալ, որը կօգնի Հայաստանին արդյունավետ կերպով կազմակերպել այդ անցումային շրջանը Սիրիայից եւ Իրաքից եկող փախստականների համար»,- նշել է հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Սենատի հատկացումների հանձնաժողովն առաջարկել է Հայաստանին տրամադրել 24.1 մլն դոլարի, իսկ Ադրբեջանին` 10.9 մլն դոլարի աջակցություն:


© 2009 ARMENPRESS.am