Բաթումում նշել են Հայաստանի Առաջին Հանրապետության օրը

17:42, 30 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Առաջին Հանրապետության տոնի առթիվ կազմակերպվող միջոցառումների շրջանակներում մայիսի 29-ին Բաթումի Ա. Մանթաշյանի անվան հայկական կրթամշակութային կենտրոնում տեղի է ունեցել Սայաթ Նովայի հիշատակին և ստեղծագործական կյանքին նվիրված ձեռնարկ (Վարդատոն): Աշխարհահռչակ աշուղի ստեղծագործությունների կատարումներով հանդես են եկել Կենտրոնի «Աղբյուր» կանանց երգչախումբը և հայկական կիրակնօրյա դպրոցի սաները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ներկաների ուղղված իրենց խոսքում աջարահայության հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանը, Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը և Աջարիայի Ինքնավար Հանրապետության կրթության, մշակույթի ու սպորտի նախարար Գիորգի Թավամաիշվիլին կարևորել են Սայաթ Նովայի արվեստի դերը հայ և վրաց ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում:

Միջոցառման մշակութային մասին հաջորդել է Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան նվիրված ընդունելություն, որի ընթացքում իրենց երաժշտական արվեստն են ցուցադրել բաթումահայ մեր տաղանդաշատ հայրենակիցները: 


© 2009 ARMENPRESS.am