Բելգիայում շարունակվող գործադուլը կազմալուծել է երկաթուղային հաղորդակցությունը

15:08, 30 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի հարավում՝ Վալոնիայում եւ Բրյուսելում, երկաթուղային հաղորդակցությունը գործնականում լիովին կազմալուծված Է մնում մայիսի 25-ին սկսված գործադուլի պատճառով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է բելգիական RTBF հեռուստաալիքը:

Դրա հետ մեկտեղ, հեռուստաալիքի տվյալներով՝ Բելգիայի հյուսիսային տարածաշրջանը՝ Ֆլանդրիան, բողոքի ակցիային չի մասնակցում: «Վալոնիայի երկաթուղիներում քաոս Է տիրում, երթեւեկում Է տասը շարժակազմերից մեկից ոչ ավելին: Ֆլանդրիայում երկաթուղային հաղորդակցության համակարգի 90 – 100 տոկոսը շարունակում Է բնականոն գործել»,- նշել Է հեռուստաալիքը:   

Դրա հետեւանքով առավոտյան լարված ժամին երկրի հանգուցային մայրուղիներում, հատկապես խոշոր քաղաքների՝ Բրյուսելի, Նամյուրի, Լիեժի ուղղությամբ, բազմակիլոմետրանոց ավտոմոբիլային խցանումներ են գոյացել:

Վալոնցի երկաթուղայինների անժամկետ գործադուլն սկսվել Է մայիսի 25-ին: Երկաթուղիների աշխատողները Բելգիայի երկաթուղիների գործարկու-ընկերության՝ SNCB-ի ղեկավարությունից պահանջում են աշխատանքի պայմանների բարելավում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` EPA


© 2009 ARMENPRESS.am