Տրանսպորտի և կապի նախարարության 13 ծառայողական մեքենաներից 4-ը կկրճատվեն

14:57, 30 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի ու կապի նախարարության ուշադրության կենտրոնում է պետական ծախսերը կրճատելու ՀՀ վարչապետի հանձնարարականը: Այստեղ աշխատանքներ են տարվում մի շարք ցուցանիշներ ու թվեր առավել մատչելի դարձնելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տրանսպորտի ու կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը:

Նա վստահեցրեց, որ մինչև այդ հանձնարարականն էլ իրենք ունեին ծախսերի օպտիմալացման լուծումներ: Առաքելյանը հայտնեց, որ նախարարությունն ունի խիստ սահմանափակ թվով ծառայողական մեքենաներ, բայց կլինեն որոշակի կրճատումներ: «Ունենք 13 ծառայողական մեքենա, որից 4-ը միտված ենք կրճատել»,-նշեց պաշտոնյան: Բացի այդ` Առաքելյանը նկատեց, որ նախարարությունն ունի տեխնիկական սպասարկող և բեռնատար մեքենաներ, որոնք նախատեսում է կրճատել, և հավաստիացրեց, որ դա ընթացիկ գործընթացի հետ որևէ կապ չունի: Անդրադառնալով հաստիքային կրճատումներին` Արթուր Առաքելյանը տեղեկացրեց, որ հարցը դեռ քննարկման փուլում է ու այս պահին չի կարող ասել, թե ինչ կրճատումներ են սպասվում:


© 2009 ARMENPRESS.am