Եգիպտական կործանված օդանավի ինքնագրիչները ծովի հատակից դուրս կբերեն 10 օրից ոչ շուտ. Monde

14:31, 30 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: EgyptAir ավիաընկերության A320 կործանված ինքնաթիռի սեւ արկղերը ծովի հատակից դուրս բերելը հնարավոր կդառնա 10 օրից ոչ շուտ. ֆրանսիական Deep Ocean Search (DOS) ընկերության նավը, որն իրականացնելու Է որոնումները, արդեն հասել Է օդանավի կործանման ենթադրյալ վայր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Monde թերթին:

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Եգիպտոսը եւ Ֆրանսիան համաձայնություն են կնքվել երկու ընկերությունների հետ, որոնք մասնագիտացած են խորջրյա որոնումների բնագավառում: Խոսքը Alseamar եւ DOS ընկերությունների մասին Է: Ծավալված որոնողական գործողություններում նաեւ գործի են դրվել Եգիպտոսի, Հունաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի ռազմաօդային ու ռազմածովային ուժերը:

«Alseamar եւ DOS ընկերությունները լրացնող դեր են խաղում: Նախ՝ հարկավոր Է, որ նրանք հայտնաբերեն սեւ արկղերի ազդանշանները եւ հետո իջնեն ջրի հատակ եւ բարձրացնեն ինքնագրիչները»,-հրատարակությունը մեջբերում Է հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրի խոսքը:

Նույն այդ աղբյուրը նշել Է, որ DOS նավը մայիսի 28-ին դուրս Է եկել Իռլանդական ծովից եւ ուղղություն վերցրել ինքնաթիռի կործանման ենթադրյալ գոտի: «Այն պետք Է տեղ հասնի դուրս գալուց 12 օր հետո»,-հրատարակությանն ասել Է զրուցակիցը, հավելելով, որ նավը պետք Է եգիպտացի եւ ֆրանսիացի քննիչների վերցնի Ալեքսանդրիայից:

Միաժամանակ կործանման ենթադրյալ վայր Է ուղեւորվում Ֆրանսիայի ռազմածովային ուժերի Laplace նավը, որի վրա գտնվում են DETECTOR-6000 ընդջրյա երեք համակարգեր, որոնք մշակվել են ֆրանսիական Alseamar ընկերության կողմից, որը մասնագիտանում Է խորջրյա գործողությունների բնագավառում: Այս սարքավորումը ինքնաթիռի ինքնագրիչներից ելնող ազդանշանը կարող Է գրանցել մինչեւ հինգ կիլոմետր տարածության վրա: Մասնագետների գնահատումներով՝ որոնման գոտու խորությունը կազմում Է շուրջ երեք կիլոմետր:

Սեւ արկղերը, որոնք գտնվում են ինքնաթիռում, ազդանշան են հաղորդում, ինչի շնորհիվ կարելի Է որոշել դրանց գտնվելու վայրը: Ազդանշանի հաղորդումը դադարում Է կործանման պահից 30 օր հետո, գրում Է ՌԻԱ Նովոստին-:


© 2009 ARMENPRESS.am