Անալոգային հեռարձակումը կանջատվի լրացուցիչ 60 հազար կցորդ սարքերը խոցելի խմբերին բաշխելուց հետո

13:49, 30 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անալոգային հեռարձակումը նախատեսվում է անջատել այն բանից հետո, երբ լրացուցիչ 60 հազար կցորդ սարքերը կբաժանվեն սոցիալապես խոցելի խմբերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ տրանսպորտի ու կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը:

Նրա խոսքով` թվային հեռարձակմանն անցնելու համար հատկացված բոլոր միջոցները ծառայել են իրենց նպատակին, և ներկայում իրականացված է թվային ազդանշանի հեռարձակումը հանրապետության ամբողջ տարածքում: «Նախորդ տարի 48 հազար սարք բաժանվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մասնակցությամբ: Ֆիքսվել են որոշակի չափանիշներ, որոնց բավարարման պարագայում այդ սարքերը բաշխվում են: Քանի որ ծրագիրը աշխատեց, վարչապետի որոշմամբ հատկացեց գումար ևս 60 հազար կցորդ սարքերի համար: Մոտ օրերին սպասում ենք այդ սարքերը, որոնք շատ արագ կբաշխվեն, քանի որ մեխանիզմը խիստ որոշակի է: Այնուհետև անալոգայինի անջատումը կիրականացնենք»,-հայտնեց Արթուր Առաքելյանը:

 Փոխնախարարը վստահեցրեց, որ անալոգային հեռարձակումը չանջատելը որևէ դրամական պարտավորություն չի առաջանցնում Հայաստանի համար:

 


© 2009 ARMENPRESS.am