«Նոր գիրք» 3/12. «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը»

09:31, 30 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն տեղեկություններ է հաղորդում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերի մասին: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ և ծանոթանալ դասական երկերին ու արդի գրականության զարգացման միտումներին: Մեր տարատեսակ ցանկերից ընտրեցեք գրքեր և սկսեք ընթերցել:

Այս շաբաթ «Արմենպրես»-ը դարձյալ առանձնացրել է նոր հրատարակված երկու ուշագրավ գիրք` երկու խորագրի ներքո:

Նոբելյան մրցանակակիրներ

Ժան-Պոլ Սարտր, «Սրտխառնոցը»


Շվեդական ակադեմիան 1964-ին գրականության բնագավառի իր Նոբելյան մրցանակը շնորհում է Ժան-Պոլ Սարտրին, սակայն վերջինս հրաժարվում է մրցանակից` չցանկանալով պարտական լինել որևէ սոցիալական ինստիտուտի և դրանով վտանգել իր անկախությունը: «Սրտխառնոցը» (1938) Սարտրի ամենահայտնի վիպական ստեղծագործությունն է, որն անփոխարինելի օղակ է 19-րդ դարի բալզակյան վեպից դեպի 20-րդ դարի նոր վեպ տանող ճանապարհին: Ֆրանսերենից թարգմանեց Հայկ Ֆելեքյանը: Առաջաբանը՝ Վահրամ Դանիելյանի: Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը:

Մանկապատանեկան գրականություն

Ջ. Ք. Ռոուլինգ, «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը»


Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում: Սակայն երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս` աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ` կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները: Այստեղ Հարրի Փոթերին սպասում է բոլորովին նոր` անհավանական արկածներով ու փորձություններով հարուստ կյանք: Թարգմանությունն անգլերենից` Ալվարդ Ջիվանյանի: Գիրքը հրատարակել է «Զանգակ»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


© 2009 ARMENPRESS.am