Բուրաստանի դպրոցի շրջանավարները Վերջին դասից հետո այցելեցին զինվորներին

14:00, 29 Մայիս, 2016

ԱՐՏԱՇԱՏ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արարատի մարզի Բուրաստան համայնքի 17 շրջանավարտներ յուրօրինակ ձեւով շարունակեցին իրենց վերջին ու կարեւոր դասը: Այս տարի եւս չխախտելով ավանդույթը` նրանք քաղցրավենիքով, խորհրդանշական նվերներով, գյուղապետ Աշոտ Թարվերդյանի գլխավորությամբ մայիսի 28-ին այցեցին N զորամաս:

Զորամասի հրամանատարանական անձնակազմը եւ զինվորները ուրախությամբ ընդունեցին հյուրերին: Աշակերտները զինվորներին շնորհավորեցին Հանրապետության օրվա առթիվ: Աշոտ Թարվերդյանը, շնորհավորելով զինվորներին եւ հրամկազմին մայիսի 28-ի կապակցությամբ, ասաց, որ Առաջին Հանրապետությունը մեր պատմության փառավոր էջերից է: «800 տարի պետականություն չունեցող հայ ժողովուրդը 1918 թվականին ազգովի ոտքի կանգնեց թուրք ջարդարարների դեմ, որոնք ցանկանում էին մխրճվել Հայաստանի սիրտը` Երեւանը: Նրանք Հայաստանը հռչակեցին անկախ, որը մեր երկրորդ անկախ հանարապետության անկյունաքարն է, հիմքը: Այդ հանրապետության պաշտպանները դուք եք` մեր սիրելի զինվորներ, եւ այն «Սասնա ծռերը», ովքեր ապրիլմեկյան ճակատամարտում փոխեցին իրադրությունը հօգուտ մեզ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նա:

Շրջանավարտներն օրը հարստացրեցին ռազմահայրենասիրական երգերով ու պարերով: Ելույթ ունեցավ «Բուրաստան» պարային համույթը:

Արեւն արդեն մայր էր մտել, սակայն շրջանավարտները չէին ուզում հեռանալ զորամասից: Նրանք  «Նախնական զինվորական պատրաստություն» առաևկայից ստացած գիտելիքները ստուգեցին զորամասում. կրակեցին, քանդեցին եւ հավաքեցին ինքնաձիգները: Զինվորները նրանց ներգրավեցին ռազմահայրենասիրական խաղերի մեջ:

Շրջանավարները դժվարությամբ հրաժեշտ տվեցին զինվորներին, որոնց մեկ տարի հետո փոխարինելու են իրենք:

Լիլիթ Մաճկալյան


© 2009 ARMENPRESS.am