«Հայաստան» հիմնադրամի պատվիրակությունը մայիսի 28-ին մեկնելու է Արցախ

18:34, 27 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությունը մայիսի 28-ին մեկնելու է Արցախ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության հասարակայնության հետ կապերի բաժնից, մայիսի 29-ին Մարտունու շրջանի Մուշկապատ գյուղում համայնքային կենտրոնի բացումը կկայանա, այնուհետև նախատեսվում է այցելություն Սոս գյուղի դպրոց, նաև Կարմիր Շուկա գյուղի համայնքային կենտրոն: Մայիսի 30-ին հիմնադրամի ներկայացուցիչները Ասկերանի շրջանի Իվանյան գյուղի մանկապարտեզի բացմանը կմասնակցեն, որից հետո կայցելեն նույն գյուղի համայնքային կենտրոն: Նույն օրը կլինեն նաև Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնում, ինչպես նաև Ստեփանակերտի թիվ 9 դպրոցում: Մայիսի 31-ին էլ պատվիրակությունը կհյուրընկալվի Շուշիի Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանում:

ՀՀ կառավարության ընդունելությունների տանը մայիսի 27-ին կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 25-րդ համատեղ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Մինչ օրակարգի հարցերի քննարկմանն անցնելը, նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են կյանքից հեռացած հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ՝ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի հիշատակը:

Օրակարգի շրջանակներում «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ներկայացրել է 2015թ. կատարված աշխատանքների վերաբերյալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության հաշվետվությունը, որի ավարտին նիստի մասնակիցները դիտել են հիմնադրամի 2015թ. գործունեության մասին տեսաֆիլմը: Խորհուրդն ընդունել է հաշվետվությունը՝ ի գիտություն ընդունելով վերստուգիչ հանձնաժողովի զեկույցը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մարաթոն-2016»-ի նպատակաուղղվածության մասին զեկուցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am