Քուրդ զինյալները թուրքական բանակի ուղղաթիռ են գնդակոծել

20:04, 26 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրդական բանվորական կուսակցության զինյալները երկրի հարավ-արևելքում գնդակոծել են թուրքական բանակի ուղղաթիռը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն, այս մասին հայտարարել են Քրդական բանվորական կուսակցության ներկայացուցիչները: «Դիարբեքիր քաղաքում մայիսի 25-ին մեր կողմից գնդակոծվել է Sikorsky ուղղաթիռ: Ուղղաթիռը լուրջ վնասվածքներով կարողացել է հասնել մինչև ռազմական բազա»,- ասված է հայտարարության մեջ:

Թուրքական  Cobra մարտական մեկ ուղղաթիռ կործանվել է մայիսի 13-ին, երբ Չուկրուջա շրջանում հակաահաբեկչական գործողություններ էր իրականացնում: Երկու օդաչուներն էլ զոհվել են: Սկզբում Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել էր, որ ուղղաթիռն ընկել է տեխնիկական անսարքության հետևանքով, սակայն հետագայում ուղղաթիռի կործանման պատասխանատվությունը ստանձնեց Քրդական բանվորական կուսակցությունը: Քրդերը տեսանյութ են հրապարակել, որում հստակ երևում է, որ ուղղաթիռը խոցվել է շարժական  զենիթահրթիռային համակարգից:


© 2009 ARMENPRESS.am