Էկոնոմիկայի նախարարությունը կենթարկվի կառուցվածքային փոփոխությունների

16:00, 26 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գնում է  կառուցվածքային փոփոխությունների ճանապարհով: Այդ նպատակով ստեղծվել է նաև աշխատանքային խումբ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ իր գլխավորած գերատեսչությունը կարիք ունի նման փոփոխությունների:

«Որպես նախարար կարծում եմ, որ էկոնոմիկայի նախարարությունն ունի կառուցվածքային լուրջ վերանայումների կարիք: Սահմանադրական նոր կարգավորումներին համապատասխան կառավարությունը պետք է իրականացնի նոր քայլեր հակամենաշնորհային, արտաքին առևտրի քաղաքականության ոլորտներում: Կան նաև այլ բնագավառներ, որոնք նույնպես նոր մոտեցումների կարիք ունեն: Այդ համատեքստում, ակնհայտ է, որ էկոնոմիկայի նախարարությունը գնալու է կառուցվածքային վերանայումների, որպեսզի առավել արդյունավետ, օպտիմալ կառուցվածքով ունենա ավելի լավ արդյունքներ: Մինչև սեպտեմբեր կներկայացվեն այդ փոփոխությունները»,«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Արծվիկ Մինասյանը՝ ավելացնելով, որ ստեղծված աշխատանքային խումբը ներկայում ուսումնասիրում է նախարարության գործառույթներն ու կառուցվածքը: 


© 2009 ARMENPRESS.am