Ռենե Ռուքեն և Ֆրանսուա Ռոշբլուանը շարունակելու են նպաստել ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանը

20:49, 25 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 25-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ռենե Ռուքեին և փոխնախագահ Ֆրանսուա Ռոշբլուանին: Զրուցակիցները բարձր են գնահատել երկու երկրների խորհրդարանների միջև հաստատված ամուր փոխգործակցությունը, սերտ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների խորհրդարանական ձևաչափերում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Էդվարդ Նալբանդյանը կարևորել է ֆրանսիացի խորհրդարանականների այցը Արցախ՝ անձամբ ծանոթանալու Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներին, դրանց հաղթահարմանն ուղղված ԼՂՀ իշխանությունների ջանքերին։

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Վիեննայում կայացած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման նպատակով ձեռնարկվող քայլերը։

Հայաստանի արտգործնախարարն ընդգծեց Ֆրանսիայի դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ շեշտելով այն կարևոր ներդրումը, որը մյուս համանախագահ երկրների հետ միասին ունեցավ Ֆրանսիան՝ Վիեննայում համաձայնությունների կայացման հարցում:

Ֆրանսիացի պատգամավորները վստահեցրին, որ շարունակելու են իրենց նպաստը բերել ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը»:


© 2009 ARMENPRESS.am