ԱԺ պատգամավորի հաղորդման համաձայն` ձերբակալվել են լրատվական գործունեություն իրականացնողները

11:35, 4 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկը մայիսի 2-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում հաղորդում է տվել, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, որոնց ընթացքում, անդրադառնալով կայքի նախկին հրապարակումներին, դրանք չդադարեցնելու և հետագայում նմանատիպ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300.000 դրամ: Այնուհետև, կայքի տնօրենի ներկայացրած պահանջի կապակցությամբ պատգամավորի անունից բանակցություններ է վարել նրա ներկայացուցիչը:

Բանակցությունների ընթացքում նրանց միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ պահանջվող 300.000-ական դրամը, նախապես պայմանավորված որևէ վայրում, մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը պետք է վճարվի կամ կայքի տնօրենին, կամ նրա օգնականին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, մայիսի 3-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ըստ նախնական պայմանավորվածության, ժամը 15-ի սահմաններում, Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում գործող սրճարաններից մեկում, շորթման առարկա հանդիսացող 300.000 դրամ գումարը վերցնելուց հետո փաստով կայքի տնօրենի օգնականը և մամուլի ակումբի ղեկավարը բռնվել և բերման է ենթարկվել ԿՀԴՊ ԳՎ: Հայտնաբերվել և բերման է ենթարկվել նաև կայքի տնօրենը: Նրանք ձերբակալված են: Կատարվում է քննություն:


© 2009 ARMENPRESS.am