Փուլային կարգավորումը պետք է ներառի Ադրբեջանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը և սահմանների հստակեցումը. ՀՀ ԱԳ փոխնախարար

19:22, 29 Ապրիլ, 2016

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն անդրադարձել է Ադրբեջանի ԱԳ նախարարի՝ ԼՂ հիմնախնդրի փուլային կարգավորման մասին հայտարարությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, պատասխանելով news.am-ի հարցին՝ «Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի ԱԳ նախարարի՝ ԼՂ հիմնախնդրի փուլային կարգավորման մասին հայտարարությունը» հարցին, Շավարշ Քոչարյանը նշել է. «Հայկական կողմերը դեմ չեն փուլային կարգավորմանը, որի շրջանակներում Ադրբեջանը նախեւառաջ ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, վերադարձնելու է իր կողմից ԼՂ օկուպացված տարածքները եւ բանակցություններ է սկսելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանների հստակեցման շուրջ»:


© 2009 ARMENPRESS.am