Հասմիկ Պապյանը կվարի «Ավրորա» մրցանակի հանձնման հանդիսավոր երեկոն

21:24, 22 Ապրիլ, 2016

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվանի երգչուհի Հասմիկ Պապյանը «Ավրորա» մրցանակի հանձնման արարողությանը կկատարի Բարսեղ Կանաչյանի «Օրոր»-ը և կվարի հանդիսավոր երեկոն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց սիրված երգչուհին:

«Մի անակնկալ ասեմ` ես պիտի վարեմ այդ երեկոն: Մենք ուրիշ ելույթ էինք նախատեսել ինձ համար, բայց քանի որ տեղի ունեցան ապրիլյան դեպքերը, ես չկարողացա պատկերացնել, որ մեր որոշած երգը կարող եմ երգել: Կուզենայի որևէ աղոթք կատարել, բայց քանի որ եկեղեցի չէ, Մարզահամերգային համալիրն այն վայրը չէ, որտեղ կարելի է «Ավե Մարիա» երգել: Որոշեցի Բարսեղ Կանաչյանի օրորոցայինը երգել, օրոր ասել մեր մանուկներին, որոնք դեռ պիտի ծնվեն և քայլեն դեպի ապագա, ինչ-որ ձևով նաև մխիթարության խոսք ասել մեր զոհված զինվորների ծնողներին, հարազատներին: Դժվար է խոսքեր գտնել: Մենք նրանց կողքին ենք և հասկանում ենք այդ վշտի ծանրությունը»,-նշեց Հասմիկ Պապյանը:

Երգչուհու խոսքով`ինքը «Ավրորա»-ի գեղարվեստական խորհրդի անդամներից է և շատ է հավանում իրադարձության գաղափարը:

«Շատ եմ հավատում նման նախաձեռնությունների, որոնք առաջ են նայում, դեպի ապագան են միտված, որոնք մեզ հնարավորություն են տալիս մի քիչ այլ ձևով նայել մեր անցյալին: Այս դեպքում «Ավրորա» մրցանակի հիմքում ընկած է հաղթած ժողովուրդի գաղափարը, որը ցեղասպանություն է տեսել, վերապրել է դա և կարողացել է ինքնահաստատվել, այնպիսի աստիճանի հասնել, որ կարող է մի ուրիշ ցեղասպանության ենթարկվողի ձեռք մեկնել, տալ մրցանակ, քաջալերել իր օրինակով, ինչպես նաև երախտապարտ լինել այն երկրներին, քաղաքացիներին, ովքեր մեզ են օգնել 100 տարի առաջ»,-նշեց նա:

«Արմենպրես»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը «Ավրորա» մրցանակի հանդիսավոր հանձնման արարողությանը Մարզահամերգային համալիրում ապրիլի 24-ին կատարելու է հայ կոմպոզիտորների հանրահայտ ստեղծագործություններից։ Մասնավորապես, ներկայացվելու են հատվածներ Ավետ Տերտերյանի 3-րդ, Արամ Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիաներից, ինչպես նաև՝ Շառլ Ազնավուրի երգերից մեկը և այլն:

«Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Մրցանակին արժանանալու է մերօրյա այն հերոսը, որն օգնում է մարդկանց՝ անձնվիրաբար եւ բացառիկ ջանքերով: Դափնեկիրն ստանալու է 100.000 ԱՄՆ դոլարի պարգեւ եւ նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն. 1.000.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։ «Ավրորա» մրցանակը շնորհվելու է ամեն տարի՝ ապրիլի 24-ին, Երեւանում։  


© 2009 ARMENPRESS.am