Մայքլ Դուկակիսը դասախոսությամբ հանդես եկավ Հայաստանի ամերիկյան համալսարանում

18:37, 21 Ապրիլ, 2016

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի հայկական և հունական համայնքները միասնաբար մեծ գործ են կատարել այդ երկրի առաջընթացի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման կարծիք Հայաստանի ամերիկյան համալսարանում դասախոսության ընթացքում հայտնեց Մասաչուսեթսի նախկին դեմոկրատ նահանգապետ Մայքլ Դուկակիսը:

Նրա խոսքով` մեծ հաջողությունների է հասել հատկապես Մասաչուսեթս նահանգի հայ համայնքը, որն էլ իր հերթին շատ դրական է տրամադրված եղել նահանգապետ Դուկակիսի նկատմամբ:

Դուկակիսը շեշտեց, որ իր կնոջ` Քիթիի ջանքերով ԱՄՆ-ի Հոլոքոստի թանգարանում հատուկ մաս է հատկացվել նաև Հայոց ցեղասպանությանը:

Դասախոսության ընթացքում նախկին նահանգապետ Դուկակիսը մանրամասներ ներկայացրեց ամերիկյան ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ, մասնավորապես մանրամասն անդրադարձ կատարեց ԱՄՆ-ում նախագահական ընտրարշավին:

Մայքլ Դուկակիսը ներկայումս դասավանդում է Հյուսիսարևելյան և Կալիֆորնիայի Լոս Անջելեսի համալսարաններում: Նա եղել է ԱՄՆ նախագահի դեմոկրատական թեկնածու 1988թ-ին և պարտվել է Ջերջ Բուշ ավագին: Դուկակիսը, ով հույն ներգաղթյալների զավակ է, իրավաբանություն է սովորել Հարվարդի համալսարանում, իսկ 1963-1970 թվականներին աշխատել է Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատում: 

[gallery id= 56869]


© 2009 ARMENPRESS.am