Հայաստանում ԸՕ-ի շուրջ կոնսենսուսի ապահովումը կախված է նաև ընդդիմությունից. ԵԽ գլխավոր քարտուղար

12:15, 20 Ապրիլ, 2016

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը կարևորում է Հայաստանում Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուսի ձևավորումը և նշում է, որ դա կախված է նաև ընդդիմությունից: ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում, պատասխանելով ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Լևոն Զուրաբյանի հարցին, ԵԽ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ միշտ այն տեսակետին է եղել, որ ծայրաստիճան կարևոր է կոնսենսուսի գալ այնպիսի հիմնանար խնդիրների շուրջ, ինչպիսին է ընտրական օրենսգիրքը։

«Իհարկե, մենք հորդորել ենք Հայաստանի կառավարությանը հասնել այդպիսի կոնսենսուսի, սակայն դա կախված է նաև ընդդիմությունից։ Մենք ասել ենք, որ պատրաստ ենք աջակցելու երկու կողմերին այդ գործում, որպեսզի կառավարությունը՝ մեծամասնությունը, և ընդդիմությունը իշխանության համար արդար մրցելու հնարավորություններ ունենան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Յագլանդը:

Եզրափակելով խոսքը՝ ԵԽ գլխավոր քարտուղարն ասել է, որ իրենց սկզբունքային դիրքորոշումը միշտ եղել է այն, որ այնպիսի հիմնարար հարցերը, ինչպիսիք են Սահմանադրությունը և Ընտրական օրենսգիրքը, պետք է հիմնված լինեն կոնսենսուսի վրա, որում ներգրավված պետք է լինեն բոլոր կուսակցությունները և  քաղաքացիական հասարակությունը: 


© 2009 ARMENPRESS.am