Բեյրութի Նահատակաց հրապարակում տեղի հայերը ապրիլի 24-ին մեծ հանրահավաք են անցկացնելու

16:37, 18 Ապրիլ, 2016

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի Նահատակաց հրապարակում տեղի հայերը ապրիլի 24-ին մեծ հանրահավաք են անցկացնելու: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց լիբանանյան «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

«Արդեն կազմվել է հայ քաղաքական երեք կուսակցությունների միացյալ շտաբը, որը համակարգելու է ապրիլյան միջոցառումները: Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի հետ կապված բազմաթիվ երիտասարդական միջոցառումներ արդեն ընթացքի մեջ են: Ապրիլի 24-ին հայ համայնքը հավաքվելու է Բեյրութի Նահատակաց հրապարակում: Այդ օրը քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները հանդես կգան հայտարարություններով, որոնք համահունչ կլինեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդունված համահայկական հռչակագրի հիմնադրույթներին: Կբարձրաձայնվի Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման, տարածքային պահանջների հարցը»,-ասաց Շահան Գանտահարյանը:

Հայ քաղաքական երեք կուսակցությունների երիատասարդական թևերն էլ պատրաստվում են բողոքի ցույց կազմակերպել Լիբանանում Թուրքիայի դեսպանատան մոտ: Նրանք այնտեղ նույնպես ներկայացնելու են հայ ժողովրդի պահանջը:

«Այս օրերին Հայ դատի հանձնախմբերի աշխատակիցները այցելում են օտարեկրյա դեսպանություններ, նամակներ են փոխանցում` կապված Ադրբեջանի ռազմական գործողությունների հետ: Ադրբեջանն ագրեսոր է, բացահայտում ենք նրա իրական դեմքը` դեսպանություններին ներկայացնելով փաստեր: Դրանից բացի, շեշտվում է նաև արցախահայության ինքնորոշվելու իրավունքը: Ստացվում է ապրիլյան այս օրերին մի կողմից Ադրբեջանի դեմքն ենք բացահայտում, մյուս կողմից ներկայացնում ենք մեր պահանջները Հայոց ցեղասպանության հետևանքները վերացնելու հետ կապված»,-ասաց Շահան Գանտահարյանը:


© 2009 ARMENPRESS.am