ԱՄՀ-ն Հայաստանում 2016-ի տնտեսական աճն ավելի բարձր է կանխատեսում, քան Կովկասի այլ երկրներում

17:37, 6 Ապրիլ, 2016

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արժույթի միջազգային հիմնադրամը 2016-ին Հայաստանի համար տնտեսական աճը կանխատեսում է 2.25-2.5 տոկոս: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավար Հոսեյն Սամիին: «Տնտեսական աճը 2016-ին ավելի ցածր է լինելու նախորդ տարվա համեմատ, սակայն Հայաստանում տնտեսական աճն ավելի բարձր կլինի, քան տարածաշրջանի որոշ այլ երկրներում: Ամբողջ Կովկասի ու Կենտրոնական Ասիայի համար մենք կանխատեսում ենք 1.5 տոկոս աճ, Հայաստանի համար`2.25-2.5 տոկոս տնտեսական աճ»,-ասաց նա:

Պաշտոնյայի խոսքով` չնայած 2015-ին Ռուսաստանի տնտեսությունում գրանցված բացասական զարգացումներին, որոնք ազդեցություն ունեցան նաև Հայաստանի վրա, այստեղ գրանցվեց տնտեսական ակտիվության 3 տոկոսանոց աճ: «2015-ին տնտեսական աճի խելամիտ ցուցանիշի արձանագրումը պայմանավորված էր մի քանի գործոններով, որոնցից մեկը այն է, որ հարկաբյուջետային քաղաքականությունը նպաստավոր էր աճի համար: Մյուս գործոնը, որ լավ արդյունքներ արձանագրվեցին արտահանող ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունն ու հանքարդյունաբերությունը: Բայց, միևնույն ժամանակ, թույլ էին այն ճյուղերը, որոնք մեծ մասնաբաժին ունեն հարկային եկամուտների մեջ, որը նշանակեց, որ հարկաբյուջետային ցուցանիշների կատարողականը նախկինում ակնկալվածից մի փոքր ցածր էր»,-հավելեց ԱՄՀ հայաստանյան առաքելությաննոր ղեկավարը:

Հոսեյն Սամիին համոզմունք հայտնեց, որ 2016-ին Հայաստան ուղղվող դրամական փոխանցումների ցուցանիշը կկայունանա, որը մոտ 50 տոկոսով նվազել էր 2015-ին: «Եթե Ռուսաստանի տնտեսությունն աշխուժանա, դրամական փոխանցումները դեպի Հայաստան, կաշխուժանան»,-ավելացրեց նա:


© 2009 ARMENPRESS.am