Հայկական զինուժը շրջափակման մեջ է վերցրել 5 ադրբեջանական տանկ. Ինտերֆաքս

22:31, 2 Ապրիլ, 2016

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիս-արևելյան ուղղությամբ հայկական զինված ուժերը շրջափակման մեջ են վերցրել 5 ադրբեջանական տանկ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է ԼՂ ուժային կառույցների աղբյուրը: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բանակի հմուտ գործողությունների շնորհիվ Մարտակերտի հյուսիս-արևելյան ուղղությամբ «կաթսա» է առաջացել, որում հայտնվել է ադրբեջանական զինված ուժերի 5 տանկ: Քայլեր են ձեռնարկվում դրանք գրավելու կամ ոչնչացնելու ուղղությամբ»,- ասել է գործակալության աղբյուրը:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պաշտպանական հաջող մարտեր են իրականացնում առաջնային գծի բոլոր ուղղություններով՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ: ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ հայկական զինված ուժերը խոցել են հակառակորդի երկու մարտական ուղղաթիռ, ոչնչացրել երեք տանկ և երկու անօդաչու սարք: ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտական կապի մեջ է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների ռազմադիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրադրության զարգացման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման և անհրաժեշտ խորհրդակցությունների նպատակով:

Ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ իրավիճակը վերցնել հսկողության տակ և ոչ միայն իրավիճակը վերցնել հսկողության տակ, այլ նաև զգալի կորուստներ հասցնել հակառակորդին: Հայկական կողմն այս պահի դրությամբ 18 զոհ ունի և 35-ին մոտ վիրավոր: 


© 2009 ARMENPRESS.am