Շտայնմայերը կոչ է արել անմիջապես դադարեցնել թշնամական գործողությունները

18:12, 2 Ապրիլ, 2016

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը խորը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում ռազմական լարվածության աճի առնչությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունից, նախարար Շտայնմայերը մտահոգություն է հայտնել նաև մարդկային կորուստների համար, մասնավորապես քաղաքացիական անձանց շրջանում:

«Կոչ եմ անում կողմերին անմիջապես դադարեցնել թշնամական գործողությունները և լիովին հարգել հրադադարի ռեժիմը: Այս հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում: Կողմերը պետք է քաղաքական կամք ցուցաբերեն և վերադառնան Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների: Համանախագահներն իրենց գործում ունեն իմ լիակատար աջակցությունը»,- հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարը:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պաշտպանական հաջող մարտեր են իրականացնում առաջնային գծի բոլոր ուղղություններով՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ: ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ հայկական զինված ուժերը խոցել են հակառակորդի երկու մարտական ուղղաթիռ, ոչնչացրել երեք տանկ և երկու անօդաչու սարք: ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտական կապի մեջ է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների ռազմադիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրադրության զարգացման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման և անհրաժեշտ խորհրդակցությունների նպատակով:


© 2009 ARMENPRESS.am