Սեյրան Օհանյանն այցելել է զինված ուժերի ստորաբաժանումներ

20:29, 30 Մարտ, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մարտի 30-ին աշխատանքային այցով եղել է զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարի հերթական այցելության նպատակը զինվորական ծառայության կազմակերպման ընթացքին տեղում ծանոթանալը և նախորդ այցերի ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը ստուգելն էր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից,

աշխատանքային այցի շրջանակում Սեյրան Օհանյանը եղել է հակաօդային պաշտպանության և ավիացիոն զորամասերում, թիկունքային ստորաբաժանումներում, թռիչքաուսումնական կենտրոնում, զորամասերի հրամկազմի հետ քննարկել է առկա խնդիրները, թիկունքային և սպառազինության ապահովման արդյունավետության բարձրացման հարցերը և առաջիկա հիմնական անելիքները:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարի կողմից առանձնակի ուշադրության են արժանացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված միջոցառումները, մասնավորապես` ռազմական նշանակության մի շարք օբյեկտների բարեկարգմանն ուղղված կապիտալ շինարարական աշխատանքները, օժանդակ շինությունների վերակառուցման ընթացիկ ու հեռանկարային ծրագրերը: Հրամկազմի ներկայացուցիչներին առաջադրվել են որոշակի խնդիրներ, տրվել են համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ աշխատանքներն ըստ սահմանված ժամանակացույցի իրականացնելու համար:

Շրջայցի ընթացքում բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի շարք զինծառայողներ պաշտպանության նախարարի կողմից խրախուսվել են արժեքավոր նվերներով:

 


© 2009 ARMENPRESS.am