ՏՄՊՊՀ նախագահ Շաբոյանն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանը

19:00, 30 Մարտ, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն մարտի 30-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի երևանյան գրասենյակի պատվիրակությանը: ՏՄՊՊՀ նախագահը կարևորել է հիմնադրամի գործունեությունը, հատկապես շեշտել ՀՀ տնտեսության տարբեր ոլորտների բարելավման ուղղությամբ իրականացվող շարունակական ծրագրերի դերն ու նշանակությունը: Ա. Շաբոյանը ներկայացրել է Հանձնաժողովի առաջնահերթությունները, առավել արդիական խնդիրները և խոսել դրանց լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՏՄՊՊՀ կայքից, Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է տարվա ընթացքում իրականացված ծրագրերը, առավել հնչեղություն ստացած վարույթներն ու ուսումնասիրությունները, ինչպես նաև անդրադարձել է մրցակցային օրենսդրության փոփոխություններին: Պատվիրակության անդամներին ներկայացվել է նաև միջազգային տարբեր վարկանիշային կառույցների գնահատականները ՏՄՊՊՀ գործունեության վերաբերյալ, որոնց համաձայն, տարեցտարի ակնհայտ է մրցակցության ոլորտում դրական դինամիկան:

ԱՄՀ երևանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչը հետաքրքվել է հատկապես օրենսդրական փոփոխություններով՝ շեշտելով Հանձնաժողովի վերահսկողական գործառույթի և լիազորությունների ավելացման կարևորությունն ու տնտեսության զարգացման գործում ՏՄՊՊՀ դերն ու կարևորությունն ընդհանրապես։


© 2009 ARMENPRESS.am