ՀՀ ԱԺ պատվիրակությունն այցելել է KOICA և Սոգանգի համալսարան

16:36, 12 Մարտ, 2016

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Կորեա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 11-ին այցելել է Կորեայի Միջազգային համագործակցության գործակալություն (KOICA): Պատգամավորները շրջել են գործակալությունում` ծանոթանալով պատմությանը եւ գործունեությանը:

Այնուհետեւ ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները հանդիպել են KOICA-ի Ծրագրերի եւ տարածաշրջանային համագործակցության հարցերով փոխնախագահ Սունգհո Չոի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին` Սունգհո Չոն նշել է, որ իրենց համար մեծ պատիվ է հյուրընկալել ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությանը եւ հույս է հայտնել, որ այցը նպաստավոր կլինի Հայաստան-Կորեա փոխգործակցության ամրապնդման համար:

Սամվել Ֆարմանյանն իր խոսքում նշել է, որ մեծապես տպավորված է Կորեայի սոցիալ-տնտեսական զարգացման ու ժողովրդավարացման փորձով եւ այն փաստով, որ Կորեան բավական կարճ ժամանակում հասել է տնտեսական զարգացման բարձր մակարդակի: Հայկական պատվիրակության անդամներն իրենց խորին շնորհակալությունն են հայտնել Կորեայի Միջազգային համագործակցության գործակալությանը` ՀՀ ԱԺ-ին հատկացրած մեծ օժանդակության համար, որը, համաձայն պատգամավորների, եղել է նպատակային եւ հնարավորություն է տվել տեխնիկապես վերազինել Ազգային ժողովի նիստերի դահլիճը: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու համագործակցությունը ՀՀ ԱԺ-ի եւ KOICA-ի միջեւ:

Մարտի 12-ին Սամվել Ֆարմանյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սոգանգի համալսարան, հանդիպել համալսարանի պրոֆեսոր Լիի, ինչպես նաեւ Կորեայում սովորող հայ ուսանողների հետ:


© 2009 ARMENPRESS.am