Ընտրական օրենսգրքի նախագծով առաջարկվում է համամասնական ընտրություն բաց ցուցակներով

14:07, 11 Մարտ, 2016

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընտրական նոր օրենսգրքի ներկայացված նախագծով առաջարկվում է անցկացնել Ազգային ժողովի համամասնական ընտրություն բաց ցուցակներով: Այս մասին նախագծի հանրային քննարկման ժամանակ ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հարցադրմանը: «Ես ցանկանում եմ հստակեցնել, որ առաջարկվող տարբերակն իրենից ռեյտինգային քվեարկություն չի ենթադրում: Ռեյտինգային քվեարկությունը բոլորովին այլ բան է: Ես խնդրում եմ այդ տերմինը այս դեպքում չօգտագործել: Ինչ-որ մեկն այդ տերմինը սխալմամբ օգտագործել է, և բոլորը կրկնում են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հարությունյանը:

Նա պարզաբանեց, որ ռեյտինգային է համարվում այն քվեարկությունը, երբ ընտրողը հստակ նշում է, որ առաջին տեղում նախընտրում է այս թեկնածուին, երկրորդ տեղում մյուս թեկնածուին և այդպես շարունակաբար: Նա շեշտեց, որ առաջարկվող տարբերակը ենթադրում է համամասնական ընտրություն բաց ցուցակներով:

Հայաստանում 2015թ. դեկտեմբերի 6-ին անցկացվեց Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն: Նոր Սահմանադրությամբ ՀՀ Ընտրական օրենսգիրքը պետք է փոփոխությունների ենթարկվի մինչև 2016թ. հունիսի 1-ը: Առաջին անգամ Հայաստանում ընտրությունները կանցկացվեն ամբողջովին համամասնական ընտրակարգով:


© 2009 ARMENPRESS.am