Դմիտրի Մեդվեդևը դեմ է Սիրիայում ցամաքային գործողությունների անցկացմանը

11:46, 14 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը խիստ քննադատության է ենթարկել Սիրիայում ցամաքային գործողություններ սկսելու մի շարք երկրների մտադրությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, ըստ Մեդվեդևի, դա կարող է լիարժեք պատերազմի հանգեցնել:

«Պետք է գործել այնպես, ինչպես ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Սիրիայի աջակցության խմբի նիստի ժամանակ»,- Euronews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որը եթեր է հեռարձակվել փետրվարի 14-ին, հայտարարել է ՌԴ վարչապետը:

«Ոչ ոք շահագրգռված չէ նոր պատերազմ սկսելու հարցում, իսկ ցամաքային գործողությունը լիարժեք, երկարատև պատերազմ է»,-ընդգծել է Դմիտրի Մեդվեդևը:

Վարչապետը հստակեցրել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը: «Ռուսաստանն անձամբ Ասադին չի սատարում, այլ սատարում է սիրիական պետության հետ բարեկամական հարաբերությունները: Մենք ելնում ենք այն բանից, որ ներկա պահին Սիրիայում բացի Ասադից չկա ոչ մի արժանահավատ ներկայացուցիչ` դուր է գալիս դա ոմանց, թե ոչ»:

Մեդվեդևն ընդգծել է, որ եթե ներկա պահին սիրիացիների առաջնորդը «դուրս մղվի» այդ համատեքստից, ապա դա կհանգեցնի քաոսի: «Մենք դրա ականատեսն արդեն եղել ենք արաբական այլ երկրներում»,-ընդգծել է վարչապետը:  


© 2009 ARMENPRESS.am