Մոլդովան շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական համագործակցության խորացմամբ

15:55, 13 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 13-ին Մյունխենում հանդիպել է Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրին:

Շնորհավորելով գործընկերոջը Մոլդովայի արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Էդվարդ Նալբանդյանը կարևորել է հարաբերությունների զարգացմանն ուղղված հետևողական քայլերի իրականացումը։

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ Անդրեյ Գալբուրը նշել է, որ Մոլդովան շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական համագործակցության խորացմամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, զրուցակիցները քննարկել են քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացման հարցեր։

Անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների:

Մոլդովայի արտաքին գործերի նախարարը ներկայացրել է Մոլդովայում ներքին կայունության ապահովմանն ուղղված՝ իշխանությունների ջանքերը:


© 2009 ARMENPRESS.am