Հայաստանի և Սլովակիայի ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների դինամիկ զարգացմանն առնչվող հարցեր

21:14, 12 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 12-ին հանդիպել է Սլովակիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական հարցերով նախարար Միրոսլավ Լայչակին: Արտգործնախարարները կարևորել են բարձր մակարդակով պարբերական հանդիպումները՝ երկու բարեկամ պետությունների միջև հարաբերությունների դինամիկ զարգացումն ապահովելու համար: Այդ առումով կարևորվել է քաղաքական երկխոսության խորացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործության սերտացումը, առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացումը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Էդվարդ Նալբանդյանն ու Միրոսլավ Լայչակը մտքեր են փոխանակել Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունների, այդ ձևաչափով ընթացող համագործակցության շուրջ։

Զրուցակիցներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների:

Էդվարդ Նալբանդյանն իր գործընկերոջը ներկայացրել է ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:


© 2009 ARMENPRESS.am