Գյումրիում Տրնդեզին կկատարվի նորապսակների և երիտասարդների օրհնության կարգ

19:00, 12 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը փետրվարի 13-ին Գյումրի քաղաքում կազմակերպում է նորապսակների, երիտասարդների օրհնության և գարնան ավետաբեր Տրնդեզ տոնը:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, օրհնության կարգը կկատարվի Գյումրու Սուրբ Աստվածածին (Յոթվերք) եկեղեցում: Սուրբ պատարագ կմատուցվի քաղաքի բոլոր եկեղեցիներում:

Գյումրու Վարդանանց հրապարակում կկատարվի Անդաստանի կարգ` Շիրակի թեմի առաջնորդ, գերաշնորհ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հանդիսապետությամբ: Այնուհետև, տեղի կունենա նորապսակների օրհնություն և ժողովրդական տոնախմբություն, որի հիմնական մասը կրակի վրայից թռնելու տեսարանն է՝ շուրջպարերով ու երգերով, խնձորով ու նռով զարդարուն վառվող մոմերով:

Տրնդեզը ժողովրդական տոն է՝ կրոնածիսական հենքով ու տոնին բնորոշ մի շարք տոնածիսական խորհրդանշական գործողություններով: Այս տոնի խորհուրդը կարևորվում է որպես բնության ու մարդկային հասարակության վերազարթոնքի ու շարունակականության ցայտուն դրսևորում: Այն իրականացվում է խարույկ վառելու, խարույկի վրայից երիտասարդների թռնելու, զույգ աղավնիներ թռցնելու խորհրդանշական գործողություններով, ինչպես նաև ժողովրդական խաղերով և տոնին բնորոշ ավանդական ուտեստների մատուցմամբ:

Միջոցառման նպատակն է՝ ՀՀ Շիրակի մարզի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումը, նոր սերնդի տոնածիսական ակտիվ վարքագծի և ավանդական բնութագրի ապահովումը:


© 2009 ARMENPRESS.am