Միջազգային մրցույթ` Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի կապալառուի ընտրության համար

11:30, 11 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական զարգացման վարկերի բանկի (KfW) աջակցությամբ իրականացվող Հայաստան-Վրաս­տան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ծրագրի իրականացման կապալառու կազմակերպության ընտրության համար առաջիկայում կհայտարարվի միջազգային մրցույթ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այս փուլում ծրագրի խորհրդատուն` ի դեմս «Fichtner GmbH & Co. KG» ընկերության, պատրաստում է կապալառուի ընտրության մրցութային փաթեթը։ Մինչ այդ՝ վերջինս կիրականացնի նաև շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության գնահատում։ Այս աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ, որից հետո կսկսվի ծրագրիիրականացման շինարարությունը։ 

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը։ Այն կխթանի էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային Հյուսիս-hարավ (ՌԴ-Վրաստան-ՀՀ-ԻԻՀ) փոխշահավետ համագործակցության զարգացումը, ինչպես նաև կստեղծի նախապայմաններ` ԱՊՀ երկրների էլեկտրաէներգետիկական համակարգի հետ զուգահեռ աշխատանք կազմակերպելուհամար:

Ծրագրի արժեքը, ըստ FICHTNER խորհրդատվական ընկերության նախնական գնահատման, կազմում է 326,9 մլն եվրո, որի 10 տոկոսը վրացական կողմի մասնաբաժինն է:

Նախագիծը նախատեսվում է իրականացնել մի քանի փուլով։ Առաջին փուլը ներառում է Այրումում փոխակերպիչ կայանի և մինչև վրացական սահման՝ շուրջ 8 կմ երկարությամբ 500 կՎ օդային գծի կառուցումը: Երկրորդ փուլը ընդգրկում է Դդմաշենում 400 կՎ մեկ ավտոտրանսֆորմատորով նոր ենթակայանի և երկշղթա հենարաններով 400 կՎ միաշղթա օդային գծի կառուցումը, ինչը թույլ կտա ապահովել 350 ՄՎտ հզորությամբ էլեկտրաէներգիայի փոխանակում: Հաջորդ փուլում Այրումում կտեղադրվի երկրորդ փոխակերպիչ մոդուլը, կկառուցվի 400 կՎ օդային գծի երկրորդ շղթան և Դդմաշենի ենթակայանում կտեղադրվի երկրորդ ավտոտրանսֆորմատորը՝ 700 ՄՎտ հզորություն ապահովելու համար:

Ելնելով շուկայի և տարածաշրջանային համագործակցության պահանջներից՝ վերջին փուլում նախատեսվում է հաստատուն հոսանքի ներդիրի երրորդ մոդուլի կառուցում, ինչը թույլ կտա գծի հզորությունը հասցնել 1050 ՄՎտ-ի։

Հայաստան-Վրաս­տան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ծրագրի առաջին երկու փուլերի իրականացումը գնահատվում է շուրջ 188,2 մլն եվրո։ Դրա համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների խնդիրը հիմնականում լուծված է։ Այդ նպատակով 2014-2015թթ. ստորագրված երեք վարկային համաձայնագրերի շրջանակներում 168 մլն եվրո է հատկացրել KfW բանկը։ 10 մլն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրվել Եվրոպական ներդրումային բանկի հետ։ Ակնկալվում է ևս 10 մլն դրամաշնորհային ներդրում՝ Եվրամիության հանձնաժողովի կողմից:

Ծրագրի առաջին երկու փուլերը նախատեսվում է իրականացնել զուգահեռ։ Աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի, համաձայն որի, էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման շինարարությունը կմեկնարկի հաջորդ տարվա սկզբին։ Նախատեսվում է այն ավարտին հասցնել մինչև 2018թ. վերջ:


© 2009 ARMENPRESS.am