Հեծանվային մարզաձեւերի ֆեդերացիան ավելի բարձր արդյունքներ է խոստանում

20:13, 10 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հեծանվային մարզաձեւերի ֆեդերացիան փետրվարի 9-ին նախագահության նիստ է գումարել: Ֆեդերացիայի նախագահ, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը  ներկայացրել է 2015թ. ընթացքում իրականացված ծրագրերն ու տարվա գործունեության հաշվետվությունը: Մասնավորապես,  հեծանվային մարզաձեւերի ֆեդերացիայի 2015 թվականի մարզական եւ զանգվածային միջոցառումների ծրագրով նախատեսվել և մեծահասակների, երիտասարդների ու  պատանիների համար կայացել են մի շարք հանրապետական առաջնություններ՝ խճուղային և հեծանվահրապարակային մարզաձևերով: Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիան աննախադեպ արդյունքներով մասնակցել է նաև եվրոպական և աշխարհի առաջնությունների՝ Եվրոպական առաջին խաղեր, հեծանվահրապարակի՝ Եվրոպայի երիտասարդական առաջնություն, հեծանվահրապարակի աշխարհի երիտասարդական առաջնություն, Եվրոպայի պատանեկան ամառային օլիմպիական փառատոն:

«Մեր Էդգար Ստեփանյանը անցյալ տարվա ընթացքում նախ նվաճել է երիտասարդների՝ Եվրոպայի չեմպիոնի կոչումը, ապա դարձել աշխարհի փոխչեմպիոն: Հայաստանցի ոչ մի այլ մարզիկ 2015 թվականի ընթացքում նման արդյունք չի գրանցել: Ընդ որում, սա մարզաձևի առաջին ոսկե մեդալն էր Հայաստանի ամբողջ մարզական պատմության ընթացքում (ներառյալ խորհրդային ժամանակաշրջանը) Եվրոպայի առաջնությունից».- հայտարարել է ֆեդերացիայի նախագահ Արման Սահակյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ֆեդերացիայից, մեր մարզիկները մասնակցել են Աստանայում կայացած աշխարհի, Աթենքում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնություններին, Լեհաստանում, Մոսկվայում, Իրանում կազմակերպված միջազգային մրցաշարերին, պատանեկան փառատոնին, Համահայկական խաղերին, կազմակերպվել են անհրաժեշտ ուսումնամարզական հավաքներ: Հեծանվային մարզաձևի մասսայականության առումով հատկապես կարեւորվել է սեպտեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովի հետ համատեղ կազմակերպված՝ Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձին նվիրված «Անկախ սերունդ, առողջ սերունդ» նշանաբանով «ԱԺ նախագահի գավաթ» մասսայական հեծանվավազքը, որին մասնակցել են ինչպես սիրողական, այնպես էլ՝ պրոֆեսիոնալ հեծանվորդներ: 

Ֆեդերացիան կարողացել է կատարել պետական  պատվերն ամբողջությամբ եւ անգամ գերակատարել: Նախատեսված 6 միջոցառումների փոխարեն իրականացվել են 11-ը: Ոչ պետական ներդրումների շնորհիվ ֆեդերացիայի բյուջեն 2015թ. կազմել է 17 միլիոն դրամ, որը ներդրվել է մարզաձևի զարգացման ամենահրատապ ուղղություններով:

Արման Սահակյանը վստահեցրել է մասնակիցներին, որ թիմը չի բավարարվի ձեռք բերածով և համառ ու տքնաջան աշխատանքի շնորհիվ կկարողանան հասնել ավելի մեծ արդյունքների:

Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայի նախագահության նիստը եզրափակվել է ընտրություններով. ֆեդերացիայի փոխնախագահներ են ընտրվել Աշոտ Խաչատրյանն ու Մարտին Շարբաթյանը, պատասխանատու քարտուղար՝ Վահագն Թուխարյանը: Ընտրվել են նաև ֆեդերացիայում գործող հանձնաժողովների նախագահները:

                        


© 2009 ARMENPRESS.am