Թուրքական համալսարանը չեղարկել է պայմանագրերը խաղաղության կոչ արած գիտնականների հետ

11:51, 10 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Նիշանթաշը համալսարանը լուծարել է պայմանագրերն իր այն դասախոսների հետ, ովքեր իրենց ստորագրությունն էին թողել «Ակադեմիկոսներ հանուն խաղաղության» հայտարարության տակ, որով երկրի իշխանություններին կոչ էր արվում դադարեցնել բռնությունները քրդաբնակ նահանգներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

Համալսարանը խզել է պայմանագրերը երկու պրոֆեսորի և չորս դոցենտի հետ:

Թուրք ավելի քան հազար ակադեմիկոսներ ստորագրել էին իշխանություններին հասցեագրված հայտարարության տակ, որում նրանք կոչ էին անում դադարեցնել բռնությունները երկրի հարավ-արևելքում և «Քրդական հարցը» կարգավորել խաղաղ ճանապարհով։ Այս հայտարարությունը զայրացրել էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով «դավաճան» էր անվանել գիտնականներին և հրահանգել դատախազությանը նրանց դեմ հետաքննություն սկսել: Արդյունքում 21 ակադեմիկոս ձերբակալվել էին, իսկ ավելի ուշ` ազատ արձակվել:

Թուրքիայի իշխանությունների նման քայլը խիստ դատապարտման էր արժանացել տարբեր միջազգային և տեղական կառույցների կողմից: Պաշտոնական Անկարայի կողմից գիտնականների նկատմամբ նման քաղաքականությունը դատապարտող հայտարարություն էին տարածել Նոբելյան մարցանակակիրները:


© 2009 ARMENPRESS.am