Իրանը ԼՂ հիմնահարցի՝ երկխոսության ճանապարհով կարգավորման կողմնակից է

10:31, 10 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի՝ երկխոսության ճանապարհով կարգավորման կողմնակից է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: «Մենք միշտ հայտարարել ենք այն մասին, որ այս խնդիրը պետք է լուծվի երկխոսության միջոցով: Իրանը մշտապես եղել է երկխոսության կողմնակից»,-ասաց դեսպանը՝  իրենց իսկ օրինակը բերելով:

Սեյեդ Քազեմ Սաջադիի խոսքով՝ Միջուկային ծրագրի  լուծման հարցում Իրանն ապացուցեց, որ երկխոսության միջոցով հնարավոր է լուծել բազմաթիվ խնդիրներ: «Այդ իսկ պատճառով  բոլոր երկրներին կոչ ենք անում առկա  խնդիրները լուծել այս միջոցով:  Հարաբերությունների լարումը  երբեք նախընտրելի չենք համարում, քանի որ դրանք վնասում են բոլոր երկրներին ու ժողովուրդներին»,-հավելեց դեսպանը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով եւ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի եւ զգալի նյութական կորուստների: 1994թ. կնքվեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ:

Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձեւերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը եւ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը:


© 2009 ARMENPRESS.am