Երևանում կառուցվելու է շախմատի նոր ակադեմիա

20:53, 9 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը կառաջարկի Երևանի քաղաքապետին` Մանանդյան փողոցի թիվ 41 հասցեում գտնվող 933,0 քմ մակերեսով հողամասը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը` շախմատի ակադեմիա կառուցելու նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության փետրվարի 11-ի նիստի օրակարգում:

Մանանդյան փողոցի թիվ 41 հասցեում է գտնվում ՀՀ ֆինանսների նախարարության մարզական համալիրը, որը բաղկացած է բացօթյա ֆուտբոլի մարզադաշտից և  փակ մարզասրահից, որն ունի բասկետբոլի, վոլեյբոլի և ըմբշամարտի մարզասրահներ: Դպրոցական ծրագրերով նախատեսված շախմատի դասընթացներն արդյունավետ կազմակերպելու և համապատասխան պայմաններ ստեղծելու նպատակով  Հայաստանի շախմատի ֆեդերացիան առաջարկություն է արել մարզահամալիրին կից կառուցել շախմատի ակադեմիա: Այն ժամանակակից չափանիշներին համապատասխան նախագծելու և հարևան շենքերի նկատմամբ քաղաքաշինական նորմատիվատեխնիկական պահանջները բավարարելու համար անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել մարզահամալիրին կից համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գոտում գտնվող 933,0 քմ մակերեսով հողամասը: 


© 2009 ARMENPRESS.am