ՀՀ արդարադատության նախարարը Նիդերլանդների հետ համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ է տեսնում

19:12, 9 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը փետրվարի 9-ին ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դաումային: Նախարարը դեսպանի հետ զրույցում կարևորել է երկու երկրների՝ արդարադատության ոլորտում ունեցած համագործակցությունը և նշել, որ այն խորացնելու մեծ ներուժ կա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեսպան Յոհաննես Դաուման շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նախարարի հետ քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Մասնավորապես, կողմերն անդրադարձել են Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերին, մարդու իրավունքների պաշտպանությանը, խտրականության վերաբերյալ օրենսդրությանն ու դատաիրավական ոլորտի բարեփոխումներին:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են արդարադատության ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու պատրաստակամությունը:


© 2009 ARMENPRESS.am