Հայաստանը ՀԱՊԿ-ից ակնկալում է թիրախավորված գնահատականներ հրադադարի խախտումներին

15:52, 9 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ակնկալում է, որ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ինչպես նաև ՀԱՊԿ-ը թիրախավորված գնահատականներ տան Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԵՊՀ-ում դասախոսների և ուսանողների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի Հայաստանը ՀԱՊԿ-ից, երբ հակառակորդը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը:

«Մեր ակնկալիքն առաջին հերթին այն է, որ պահպանվեն բոլոր միջազգային նորմերը, երբ հրադադարը խախտող կողմը արժանի գնահատական ստանա: Դրա լավագույն տարբերակներից մեկը վստահության մեխանիզմի ձևավորումն է, որը կարելի է կյանքի կոչել միջազգային հետաքննության մեխանիզմի ներդրման եղանակով»,- նշեց նախարարը:

Հայաստանը Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության հիմնադիր անդամ է: Անդամակցությունը ՀԱՊԿ-ին Հայաստանի անվտանգության ապահովման բաղադրիչներից է, որն իրագործվում է անդամ պետությունների միջև բազմակողմ կապերի շնորհիվ

  


© 2009 ARMENPRESS.am