«Հնդկաստանով ներշնչված». հայ երիտասարդ գեղանկարիչը նոր գույն է տվել հնդկական սիմվոլներին

17:57, 8 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանում ցանկացած միջոցառում սկսվում է լամպերը վառելով. փետրվարի 8-ին Հայաստանի նկարիչների միությունում այդպես բացվեց նաև Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան և «Հայ-հնդկական բարեկամություն» հասարակական կազմակերպության համագործակցությամբ կազմակերպած երիտասարդ գեղանկարիչ Անդրանիկ Ասատարյանի «Հնդկաստանով ներշնչված» խորագրով ցուցահանդեսը, որը կգործի տասը օր: «Ինձ գրավել է հնդկական մշակույթը, փիլիսոփայությունը, առասպելաբանությունը` պատկերված սիմվոլներով, և ես փորձել եմ փոխանցել դրանք կտավին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց գեղանկարիչը: Ցուցահանդեսի ընթացքում ներկայացված ցուցանմուշները ստեղծվել են 3 տարվա ընթացքում, սակայն Անդրանիկը հնդկական մշակույթով հետաքրքրվել է շատ ավելի վաղուց, երբ դիպլոմային աշխատանք պատրաստելիս որոշեց ընտրել յուրահատուկ ու հետաքրքիր թեմա: «Հնդկական երաժշտությունը դարձավ իմ ոգեշնչման աղբյուրը, ու ես սկսեցի սովորել այդ լեզուն, ընթերցել հնդկական գրականություն»,- ավելացրեց Ասատրյանը, ով, ի դեպ, դեռ չի այցելել Հնդկաստան: Ինպես նշեց ցուցահանդեսի հեղինակը, նա անգամ փորձել է միավորվել հայկական ու հնդկական մշակույթները` ստեղծելով «Բարեկամություն» կտավը:

«Մեր կազմակերպությունը Անդրանիկի հետ ծանոթ է արդեն մի քանի տարի, և երբ մենք հասկացանք, որ հասունացել է ցուցահանդես կազմակերպելու պահը, որոշեցինք աջակցել նրան»,- ասաց «Հայ-հնդկական բարեկամություն» հասարակական կազմակերպության քարտուղար Արմինե Սարգսյանը: Ապագայում հնարավոր է կազմակերպվի նմանատիպ մի ցուցահանդես Դելիում` ներկայացնելու այնտեղ հայկական մշակույթը:

Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն, Մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը և  Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, ովքեր տպավորված էին Անդրանիկի աշխատանքներով ու մաղթեցին նրան նորանոր հաջողություններ:

Անդրանիկ Ասատարյանը ավարտել է Երևանի մշակույթի պետական քոլեջի «Արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում և պահպանում» բաժինը, այնուհետև ուսումը շարունակել է և 2011 թ. ավարտել Երևանի թատրոնի և կինոյի պետական իսնտիտուտի «Թատերական զարդարվեստ» բաժինը: Ներկայումս «Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» Հ/Կ խորհրդի անդամ է: Ասատրյանը նաև նկարազարդել է «Ռամայանա»  հնդկական էպոսի հայերեն թարգմանությունը:


© 2009 ARMENPRESS.am