Տատյանա Վալովայան հաջող է համարում ԵԱՏՄ-ին Հայաստանի ինտեգրման գործընթացը

17:23, 8 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի ինտեգրման գործընթացը հաջող է ընթանում: Փետրվարի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԵՏՀ մակրոէկոնոմիկայի և ինտեգրման հիմնական ուղղությունների կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան: «Ես կարծում եմ, որ միությանը Հայաստանի և Ղրղզստանի անդամակցության գործընթացը հաջող է ընթանում: Իհարկե, եթե ընդհանուր գլոբալ տնտեսության վիճակն ավելի դրական լիներ, ապա կարելի կլիներ որոշ բաներ ավելի հստակ ասել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Վալովայան:

Նա հավելեց, որ ասուլիսին ներկայանալուց առաջ ուսումնասիրել է ԵԱՏՄ անդամ երկրների միջև առևտրաշրջանառության վիճակագրությունը և իր համար հետաքրքիր բացահայտումներ արել: «Տեսեք, տնտեսական ոլորտում Հայաստանի և Ղրղզստանի համագործակցությունը շատ թույլ է եղել: Իսկ հիմա Հայաստանը և Ղրղզստանը առևտրաշրջանառության ծավալների թեև փոքր, սակայն որոշակի աճ են գրանցել: Եվ ընդհանրապես, մինչև միասնական տնտեսական տարածքի ստեղծումը միության անդամ երկրների առևտրաշրջանառությունը մեծ էր հիմնականում Ռուսաստանի հետ: Իսկ մյուս երկրների միջև այդ կապերն այնքան էլ ակտիվ չեն եղել: Հիմա մենք տեսնում ենք, որ, օրինակ, Բելառուսի և Ղազախստանի միջև առևտրաշրջանառության ծավալներն ավելի արագ տեմպերով են աճում, քան Ռուսաստանի և Բելառուսի կամ Ռուսաստանի և Ղազախստանի միջև առևտրի  ծավալները:

Վալովայան հավելեց, որ 2015թ.-ին ԵԱՏՄ անդամ երկրների միջև ընդհանուր առևտրաշրջանառության ծավալները նվազել են, սակայն այս առումով դրական համարեց այն հանգամանքը, որ Հայաստանը և Ղրղզստանը կարողացել են իրենց համար լրացուցիչ հնարավորություններ գտնել ու առևտրի ծավալների աճ արձանագրել:


© 2009 ARMENPRESS.am