Սիրիայում ռուսաստանյան օդուժի ռմբահարումներից ադրբեջանցի մոջահեդ է սպանվել

13:05, 8 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական սահմանին կից Սիրիայի հյուսիսում «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման ջիհադականների դեմ մարտերի ընթացքում սպանվել է ադրբեջանցի մոջահեդ Բեսլան Մուխտարովը՝ ծնունդով վրացական Թելավի քաղաքից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, Մուխտարովը Սիրիա է ժամանել երեք ամիս առաջ: Ըստ հաղորդագրության ` նա սպանվել է ռուսաստանյան ավիացիայի հարվածների արդյունքում:

Թուրքական հատուկ ծառայությունները 2011 թվականին արմատական իսլամիստական խմբավորումներին մասնակցության կասկածանքով հետաքննություն են սկսել կրթությամբ բժիշկ Մուխտարովի նկատմամբ: Նրան արգելվել է մուտք գործել Թուրքիա: Նա վերադարձել է Վրաստան, որտեղ աշխատում էր որպես հովիվ: 2015 թվականի հոկտեմբերին դարձյալ մեկնել է Սիրիա, որտեղ զբաղվել է վիրավոր ջիհադական մարտիկների բուժմամբ:

Սիրիայում կառավարական ուժերի եւ իսլամիստական խմբավորումների միջեւ բախումներն սկսվելուց ի վեր սպանվել են 300-ից ավելի ադրբեջանցիներ: Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` ներկայում Սիրիայում ծայրահեղ արմատական իսլամիստական խմբավորումների կազմում 3 հազարից ավելի ադրբեջանցիներ են կռվում:


© 2009 ARMENPRESS.am