Սոթք-Քարվաճառ և Լանջառ-Լուսաշող ավտոճանապարհները փակ են

12:11, 8 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ, Լանջառ-Լուսաշող ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Վայք-Գորիս, Սիսիան-Գորիս, Ապարան-Սպիտակ, Ալագյազ-Արթիկ, Ալավերդի-Վանաձոր, Ուրասար-Կաթնաղբյուր, Կապուտան-Հատիս-Զովաշեն, Զառ-Սևաբերդ, Եղվարդ-Նոր Գեղի, Սևան-Մարտունի-Վարդենիս-Ճամբարակ և Թալինի, Ապարանի, Արագածի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները, Դիլիջանի և Տիգրանաշենի (Մ-2) ոլորանները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Արագածոտնի, Սյունիքի, Կոտայքի, Արարատի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում և Սարավան գյուղի հատվածում, Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր, Ստեփանավան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:


© 2009 ARMENPRESS.am