Ագրարային համալսարանը ARES-ի վարկանիշում Հայաստանի բուհերի շարքում չորրորդն է
15:10, 30 Հունվար, 2016ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ագրարային համալսարանը լուրջ և ծանրակշիռ գործունեության արդյունքում 2015թ. արձանագրեց էական հաջողություններ: ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշավորման ազգային համակարգի երեք կրթական աստիճաններում և մինչև երեք մասնագիտական ոլորտում կրթական ծրագրեր իրականացնող բուհերի ցանկում Հայաստանի ազգային ագրարային համալսարանը 2015 թվականին Երևանի պետական տնտեսագիտական և Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանների հետ՝ համապատասխանաբար 5.97, 5.93 և 5.92 միավորներով, կիսում է 2-րդ 3-րդ և 4-րդ տեղերը: Հարկ է նշել, որ նույն անվանակարգում 2013 թվականին համալսարանը զբաղեցրել է 1-ին, իսկ 2014 թվականին 3-րդ հորիզոնականը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին բուհի լրատվական ծառայությունից, բուհի կատարած հսկայածավալ աշխատանքների մասին է խոսում այն փաստը, որ 2015 թվականին, որպես գիտահետազոտական աշխատանքներ կատարող բուհ, համալսարանը զբաղեցնում է պատվավոր 1-ին, իսկ դասավանդման գործընթաց անվանակարգում՝ 2-րդ տեղը:
Ամենամյա նմանատիպ հետազոտություններ և վարկանիշավորում է անցկացվում նաև ARES միջազգային ընկերության կողմից, որի արդյունքում 2015 թվականին, բուհերի վարկանիշավորման արդյունքում, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը արժանացել է բարձր վարկանիշի:
Հարկ է նշել, որ ARES միջազգային ընկերությունն իր վարկանիշավորումն իրականացնում է՝ ելնելով եվրոպական նոր համալսարանական կրթության ստանդարտներից, որոնք ընդունվել են 2015թ.-ին՝ բարձրագույն կրթության ապահովման միջազգային ասոցիացիայի և բարձրագույն կրթության եվրոպական ռեգիստրի կողմից և հաստատվել ԵՄ հանձնաժողովի կողմից:
ARES-ի կողմից համալսարանների վարկանիշավորման հիմնական նպատակը ուսանողներին բավարար գիտելիքներով ապահովելու, գիտահետազոտական գործունեություն ծավալելու, ապագա գործատուների հետ համագործակցելու հնարավորությունների և մի շարք այլ տարրերի գնահատումն է: Վարկանիշավորումն իրականացվում է անկախ փորձագիտական խմբի կողմից՝ բացառելով սուբյեկտիվ գործոնների ազդեցությունը:
Համաձայն 2015 թվականի ցուցանիշների՝ ՀԱԱՀ-ն հայաստանյան բուհերի շարքում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, ինչը բարձր գնահատական է, որը հաստատվել է ARES-ի համանուն հավաստագրով:
© 2009 ARMENPRESS.am