Ռուսաստանն ու Իրանը քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը

14:35, 26 Հունվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն այսօր Մոսկվայում իրանցի իր գործընկեր Իբրահիմ Ռահիմփուրի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ:

ՌԴ ԱԳՆ կայքում այդ մասին ասվում է. «Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում տարածաշրջանային օրակարգի որոշ հարցերի շուրջ: Հատուկ ուշադրություն է դարձվել Կենտրոնական Ասիայում եւ Անդրկովկասում իրավիճակի, ղարաբաղյան կարգավորման, ինչպես նաեւ Ուկրաինայում ճգնաժամի լուծման գծով Մինսկի պայմանավորվածությունների իրականացմանը»:

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուսեին Ջաբեր Անսարին ավելի վաղ հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հանդես գալ միջնորդի դերում` ղարաբաղյան հակամարտության լուծման մեջ:

Նա նաեւ հայտնել էր, որ ադրբեջանական եւ իրանական դիվանագետները բանակցություններ են անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Իրան հնարավոր այցը նախապատրաստելու շուրջ: «Այցի մասին կհայտարարվի այն դեպքում, եթե վերջնական որոշում ընդունվի», -նշել էր նա:


© 2009 ARMENPRESS.am