Արցախում մեկնարկել է անկախության տարիներին երկրորդ անգամ անցկացվող մարդահամարը

15:42, 1 Դեկտեմբեր, 2015

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դեկտեմբերի 1-ին մեկնարկել է Արցախի անկախության տարիներին անցկացվող թվով երկրորդ մարդահամարը, որը կշարունակվի մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 9-ը ներառյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի վարչության պետ Արկադի Սողոմոնյանն «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է, որ մարդահամարը կազմակերպելու և անցկացնելու համար ստեղծվել են Հանրապետական, Ստեփանակերտի քաղաքային և 7 շրջանային հանձնաժողովներ, 9 մարդահամարի, 90 հրահանգչական և 501 հաշվային տեղամասեր:

Արկադի Սողոմոնյանի խոսքով, 2005թ. անցկացված առաջին մարդահամարից հետո երկրում տեղի են ունեցել սոցիալ-տնտեսական էական փոփոխություններ՝ բնակչության թվաքանակի, տեղաբաշխման, սոցիալ-ժողովրդագրական, տնտեսական ակտիվության, տնային տնտեսությունների բնակության պայմանների, կենսամակարդակի և այլ բնութագրիչների առումով: «Տնտեսական և սոցիալական բարեփոխումների ուղի բռնած Արցախի համար շատ կարևոր է ապահովել մարդահամարների պարբերաբար անցկացումը, քանի որ դրանց արդյունքներն էական նշանակություն կունենան երկրի պետական և տնտեսական քաղաքականության մշակման, ծրագրավորման և կառավարման համար»,- նշել է ԼՂՀ ԱՎԾ մարդահամարի վարչության պետը՝ հավելելով, որ մարդահամարը հնարավորություն կտա ուսումնասիրել հասարակական և տնտեսական մակարդակներում տեղ գտած փոփոխություններն ու կանխորոշել հետագա առաջընթացի նոր ուղղություններն ու սկզբունքները:

Արկադի Սողոմոնյանը կարևորել է բնակչության ակտիվ մասնակցության դերը հավաստի ու ճշգրիտ տվյալներ ստանալու գործում՝ ավելացնելով, որ ԼՂՀ «Մարդահամարի մասին» օրենքի համաձայն, համապետական այդ միջոցառմանը մասնակցելը քաղաքացիների պարտականությունն է:

ԱՎԾ մարդահամարի վարչության պետը հավաստիացրել է, որ քաղաքացիների մասին հավաքագրված տվյալները գաղտնի են մնալու, քանի որ դրանք հրապարակվելու են միայն ընդհանրացված տեսքով:

Մարդահամարի նախնական տվյալները հայտնի կլինեն 2016թ. ապրիլի սկզբին, իսկ վերջնականը` 2016թ. ավարտին:


© 2009 ARMENPRESS.am