Եգիպտոսը պատրաստվում է ռուսական շուկայում փոխարինել Թուրքիային

14:01, 1 Դեկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի առեւտրի եւ արդյունաբերության նախարար Թարեք Քաբիլը հայտարարել է, որ բանջարեղենի, մրգերի եւ հագուստի՝ Ռուսաստան արտահանման մեջ Եգիպտոսը կարող է փոխարինել Թուրքիային:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, եգիպտացի նախարարն ասել է լրագրողներին` նշելով, որ Եգիպտոսը մտադիր է լցնել Սու-24 ռմբակոծիչի խոցվելու միջադեպից հետո ռուսաստանյան շուկայում ստեղծված դատարկությունը:

Ռուսաստանյան ԶԼՄ-ները հայտնել են, որ Քաբիլն իր ռուսաստանցի գործընկեր Դենիս Մանտուրովի հետ արդեն հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրաթներում եւ խնդրել նրան ներկայացնել Թուրքիայի կողմից Ռուսաստան արտահանված ապրանքների ցուցակը:

Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում Սու-24-ի խոցումից, օդաչուներից մեկի եւ եւս մեկ զինծառայողի սպանությունից հետո Ռուսաստանն արգելել է թուրքական բոլոր տեսակի ապրանքների ներկրումը:


© 2009 ARMENPRESS.am