ՀՀԿ պատգամավորը Սահմանադրական փոփոխությունների նախագիծը մեծ հնարավորություններ ընձեռող փաստաթուղթ է համարում

13:58, 1 Դեկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը Սահմանադրական փոփոխությունների նախագիծը Հայաստանի Հանրապետության համար մեծ հնարավորություններ ընձեռող փաստաթուղթ է համարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա այսպիսի տեսակետ հայտնեց լրագրողների հետ դեկտեմբերի 1-ին կայացած հանդիպմանը:

«Սահմանադրական փոփոխությունների նախագծի ընդունման դեպքում մենք կունենանք կառավարող իշխանական թևերի հստակ տարանջատում, կառավարման համակարգի փոփոխություն, ինչպես նաև դատական համակարգի արմատական փոփոխություններ: Ամեն ինչ արվում է, որպեսզի խորհրդարանական կառավարման համակարգի պարագայում Ազգային ժողովը դառնա այն հարթակը, որտեղ կլինի բազմակարծության մթնոլորտ, և ամեն մի գերատեսչություն ու պաշտոնյա հաշվետու կլինի Ազգային ժողովի առջև: Բացի այդ` Սահմանադրական փոփոխությունների միջոցով մեր քաղաքացիները որոշակի քանակությամբ ստորագրություններ հավաքելու դեպքում նույնպես կարող են մասնակցություն ունենալ քաղաքական գործընթացներին` Ազգային ժողովին ներկայացնելով իրենց առաջարկությունները այս կամ այն օրենսդրական նախագծերի վերաբերյալ»,-շեշտեց Ավետիսյանը:

Նա նկատեց, որ Սահմանադրական փոփոխությունների նախագծի հանրաքվեի քարոզարշավը տարբերվում էր նրանով, որ և «Այո»-ի և «Ոչ»-ի ճակատների ներկայացուցիչները իրականացնում են համատեղ քարոզարշավ: «Մեր կուսակցությունն իրականացնում է շատ արդյունավետ քարոզարշավ: Մենք փորձում ենք լինել գրեթե բոլոր համայնքներում, քանի որ հարկավոր է անձնական շփումների միջոցով իրազեկել մեր քաղաքացիներին Սահմանադրական փոփոխությունների մասին` հստակ բացատրելով բոլոր փոփոխությունների հիմնական գաղափարը»,-հայտնեց պատգամավորը:

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն Հայաստանում կանցկացվի դեկտեմբերի 6-ին:


© 2009 ARMENPRESS.am